Երբեմն ինձ թվում է՝ ես մե՜ծ, խոշոր մի զարկերակ եմ:
Այս ժխորի, իրարանցման, մարդկային այս անվե՜րջ հոսանքի մեջ երբեմն կանգ է առնում գոյությունս. դանդաղեցված կադրի նման մարդիկ շարունակում են շտապել իրենց ընկերների մոտ, որոնց նախանձում են, կողակիցների մոտ, որոնց չեն սիրում:
Ես աննկատ հետևում եմ կողքից, ձեւացնում եմ, թե չկամ, իմ ներկայությունը չեն զգում, ես կարճահասակ եմ, նկատելի չեմ, ես շարժվում եմ անձայն ու զգուշորեն:
Որքա՜ն բան կարելի է նկատել, երբ ինքդ գրեթե անտեսանելի ես: Մանրուքները, որոնց նախկինում երբևէ ուշադրություն չես դարձրել, հիմա աչքի զարնող իրեր, երևույթներ են: Ամեն բան նոր իմաստ է ստանում, երբ ուշադիր դիտում ես շուրջբոլորդ: Ամենուր՝ իրարից գրեթե չտարբերվող կիսագրագետ մարդիկ՝ անկիրթ պահվածքով, օտարոտի ու ծիծաղելիորեն ձեւախեղված բառերով, նույնպիսի ճանապարհով, որով քայլում են ու որը կոչում են ճակատագիր:
Փողոցում քայլող միջին տարիքի մի տղամարդ: Միջավայրի գերակշռող մասի պայմանական հավաքական կերպարը:
Հասարակ մուգ գույնի հագուստ, ոչնչով աչքի չընկնող կերպար, անհատականության ու ոճի բացակայություն: Դեմքը, ձեռքերն անխնամ են, աչքերի տակ փոսեր կան, այտոսկրերը՝ ցցված, ամուսնական մատանին չի կրում, աջ ձեռքի ցուցամատի ու միջնամատի միջև մաշկը դեղնել է սիգարետից:
Իսկ փոքր ժամանակ գուցե ինքն էլ երազել է տիեզերագնաց դառնալ, ինչպես երևի թաղի բոլոր տղաներն են երազել: Ինչի՞ ես հասել դու: Չէ, ավելի ճիշտ, երբևէ ի՞նչ ես արել որևէ բանի հասնելու համար: Ի՞նչ է պատահել քո երազանքին… Ու՞ր ես դու էսպես շտապում հիմա, երբ կյանքիդ լավագույն տարիներն անգործության մեջ ես անցկացրել՝ առանց շտապելու գլորել ու մսխել օրերդ…
Ես ուզում եմ կանգնեցնել նրան հենց փողոցում, երկա՜ր դիտել նրան մանրամասնորեն. դիմախաղը, կնճիռները, ծխախոտից դեղնած ատամները մերկացնող ժպիտը.. մտածել նրա դժվար կյանքի, կորուստների, ցավի մասին: Ես ուզում եմ արդարացում գտնել այդ մարդու համար, քանզի անտանելի ծանր է տեղում դոփող կամ հետընթաց ապրող մարդու գոյությունն իմ կողքին, իմ քաղաքում, իմ երկրում, որովհետև նա երեխաներ է «դաստիարակում», առանց գիտակցելու, անուղղակիորեն, առանց որևէ ջանքի տասնյակ փոքրիկ մարդուկների համար օրինակ է ծառայում.. հետո էդ փոքրիկ մարդուկները չգիտես ինչու ու չգիտես ինչպես գոյատևում են, մեծանում, դառնում կրկնօրինակն այս տղամարդու, որի անիմաստ ու խելագար ընթացքը հիմա ուզում եմ կանգնեցնել կատաղի մի ապտակով:
Ամենատխուրն ու միաժամանակ ամենածիծաղելին այն է, որ նրա մտքով իսկ չի անցնում, որ ինչ-որ բան այն չէ: Երջանի՜կ մարդ, երջանի՜կ, որ չես պատկերացնում, թե որքան հիմար ես, երջանի՜ կ, որ չես գիտակցում, թե որքա՛ն աղետալի հետևանքներ կարող է ունենալ քո գոյությունն իսկ:
Ես ուզում եմ կանգնել նրա դիմաց, կանգնել, կանգնել ու գոռալ երեսին:
Մարդ, ես չե՛մ կիսում ուղին քո, ես անիծում եմ քո գոյությունը, որն ախտ է այն միջավայրում, որտեղ ապրում եմ: Ես ատում եմ այն ծնողին, որ քեզ էսպիսին է դարձրել, ու քեզ եմ ատում, քանզի քո որդիները քեզնից սովորելու բան չունեն ու քեզ նման են դառնալու:
Փողոցն ու մարդիկ: Մի խոշոր, մրոտ ու յուղոտված հանգույցի նման մարդիկ ու փողոցներն իրար են կուլ տալիս, մինչ ես կանգնած եմ ու գոյությունս կանգ է առել: Գիտակցությունս առաջ է գնում ու բախվում դիմացից եկող այն հմայիչ երիտասարդին, քայլում նրա կողքով, լսում նրա հեռախոսային ձանձրալի խոսակցությունը, հետո վազում դիմացի մայթը՝ հրմշտելով անցնում բամբասող տատիկների դանդաղաշարժ քայլքի արանքով ու որդուն մանկապարտեզ տանող միայնակ մոր հետ քայլում փոշոտ մայթով:
Նրանք բոլորը, բոլորը նույնն են, փոքր-ինչ այլ դեմքերով, որոշակիորեն փոփոխված անուններով, չնչին տարբերություններով… Բոլորը նույնն են:
Ու ինձ նորից սկսում է թվալ, որ ես այս քայլող դիակների մեջ տրոփող մե՜ծ, հզոր մի զարկերակ եմ: